Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի 6-րդ տարին։ Այս մասին գրառում է արել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Արցախի պահպանողական կուսակցության անդամներն այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ»,- գրել է Բաբայանը։
Նա ընդգծել է, որ Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․
«Մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը»,- նշել է նա՝ հավելելով․ «Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին, հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։ Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը»։
Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։
Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր։ Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն` հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ։ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր։