Արցախի համար կա հստակ սահմանված գիծ՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։
«Այս պարագայում շատ բնական էր Արցախի քաղաքական ամենակարևոր մարմնի արձագանքը Հայաստանի խորհրդարանում հնչեցրած մտքերին։ Հստակ սահման է գծված, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հստակեցնում ենք դիրքորոշումը այսպես՝ Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար Արցախը երբևէ և որեւէ կարգավիճակ չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում։ Ամենացածր նշաձողը, որը կարող ենք դնել այն է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող լինել առանց ինքնորոշման իրավունքի։ Սրանից այն կողմ այլ իրավունք չկա»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախի ժողովրդի իրավունքների մեջ մտնում է հենց ինքնորշման իրավունքը՝ անգամ եթե որևէ շեշտադրում դրան չի կատարվում։ Հակառակը մտածելը, ըստ նրա՝ մոլորություն է։
«44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները և ցեղասպանական ակտերը հստակ ցուցիչ են, որ Արցախի ժողովուրդը, գտնվելով Ադրբեջանի կազմում, չի կարող ունենալ երաշխավորված իրավունքներ, անգամ եթե Արցախում տեղակայվեն ամենամարտունակ խաղաղապահ զորքը, միջազգային կազմակերպությունները։ Սա էմոցիոնալ գնահատական չէ, սա փաստ է։ 30 տարի շարունակ հայատյացությամբ մեծացած սերունդը, ինչպե՞ս կարող է երաշխավորել այն անձանց իրավունքները, որոնց հանդեպ լցված է ատելությամբ»,- ընդգծեց Ստեփանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել և հայտարարություն ընդունել։
Արցախի ԱԺ-ն ընդունած հայտարարությամբ պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու: