Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված Շուշիում արված հայտարարություններին:
Ինչպես նշել է Բեգլարյանն իր Telegram – ալիքում, Ալիևն ի թիվս այլ կեղծ պնդումների ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, մինչդեռ իրականությունը հակառակն է:
Պետնախարարն ընդգծել է, որ 1921 թվականին Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը կազմում էր 4 %։ Նա հրապարակել է ԽՍՀՄ մարդահամարի ցուցանիշները, որոնց համաձայն 1926 թվականին այդ ցուցանիշը կազմել է 10.06 %, 1939 թվականին՝ 9.32 %, 1959 թվականին՝ 13.80 %: 1970 թվականին ադրբեջանցիների թիվը կազմել է 18.08%, 1979 թվականին՝ 22.98%, 1989 թվականին՝ 21.52%:
Բեգլարյանը նշել է, որ խոսքը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների (այդ թվում նաև Իլհամ Ալիևի հոր) ներկայացրած ցուցանիշների մասին է, ուստի դրանք, անշուշտ, զգալիորեն ուռճացված են։
«ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում անշեղորեն աճող ադրբեջանցիների թիվը պայմանավորված է բնիկ հայ բնակչության դեմ իրագործված Սպիտակ ցեղասպանությամբ։ Թող Ադրբեջանի իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ երեք հազար տարի շարունակ Արցախում եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնությունը»- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։