Ակնհայտ է, որ Պուտին-Էրդողան սպասվելիք հանդիպման ժամանակ այս կամ այն չափով, այս կամ այն խորությամբ քննարկվելու են մի տարածաշրջանի վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումների վերաճշգրտումները, որտեղ նաև Հայաստանն ու Ադրբեջանն են։
Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ վերջին օրերին Արցախի դեմ իրականացրած ագրեսիային, արտաքին գործոններին։
Նա մատնանշեց ավելի վաղ Թեհրանում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, դրանից հետո Թուրքիայի կողմից որոշակի պարտավորություններ վերցնելը՝ կապված, մասնավորապես, Սիրիայի հետ։
«Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը և Իրանը Սիրայում ակնհայտ լուրջ հաջողություն ունեն, ու որպեսզի Թուրքիան ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հասկանան, որ ՌԴ-ն ու Իրանը շատ ավելի խիստ ու գործնական են լինելու իրենց պահանջների համար, այդ հանդիպման հենց հաջորդ օրը հակաթուրքական և հակաամերկյան շեշտադրումներով հակաարևմտյան հավաքներ ու գործողություններ սկսվեցին։ Այս իրողությունների պայմաններում Արևմուտքը և Արևմուտքի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիան փորձեցին հակաքայլեր անել, որոնք ուղղված են այն տարածաշրջաններին ու երկրներին, որտեղ իրենք համեմատաբար ավելի ուժեղ են, քան ՌԴ-ն, Իրանը, և վերջիններիս դաշնակից երկրները»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ համատեքստում, նրա խոսքով, առաջինն ընտրվեց Բալկանները, իսկ երկրորդը Հարավային Կովկասն է ու կոնկրետ Արցախը՝ հայ-ադրբեջանական սահմանագոտին։
Շեշտելով Արցախից ՀՀ ԶՈւ զինծառայողների դուրսբերման տեղեկությունները, ընդգծելով արդեն այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից նշվածը պաշտոնապես բարձրաձայնելու մասին՝ մեր զրուցակիցը նշեց․ «Ստացվում է, որ զորքերը դուրս բերելուց մի քանի ժամ հետո Ադրբեջանը փորձ է անում առնվազն մի քանի ուղղություններով որոշակի առաջխաղացում ունենալ։ Օպերացիայի ձախողումից հետո Ադրբեջանն իր նոր գործողությունն անվանակոչելով «Հատուցում»՝ սկսում է ԱԹՍ-ների կիրառմամբ գործողություններ այն զորամասի ու դիրքերի նկատմամբ, որտեղ, փաստացի, Արցախի ՊԲ զինծառայողներն են իրենց պարտականությունները կատարում։ Եվ Ադրբեջանը դա հիմնավորում է նրանով, թե, ըստ իրենց, քանի որ Արցախ կամ ԼՂ պետություն իբր չկա, ցանկացած զինված ստորաբաժանում իր համար ահաբեկիչ, անջատողական է դիտվում»,- ասաց Հ․ Նահապետյանը՝ նշելով, որ Ադրբեջանը նման կեցվածք դրսևորեց այն ժամանակ, երբ ՀՀ ԶՈւ զինծառայողները դուրս եկան Արցախից։
«Ուստի գործնականում մեծ վտանգ կա, որ շփման գծի ցանկացած հատվածում Ադրբեջանը կարող է Արցախի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումը դիտարկել որպես ահաբեկչական խմբավորում ու ուժ կիրառել։ Այստեղ այդ ուժի կիրառման թիվ մեկ խոչընդոտը ՌԴ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումն է, որի նկատմամբ, փաստորեն, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում արշավ է սկսվել։ Մասնավորապես, ներկայացվում է այնպես, թե դեպքերի մեղավորները խաղաղապահ ստորաբաժանումներն են, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Հրապարակավ հայտարարելով, որ Արցախում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ չկան՝ ՀՀ-ն, փաստացի, Ադրբեջանին իրավունք է տալիս, որ Ադրբեջանը տարբեր զինատեսակներ կիրառի բոլոր այն տեղերում, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերն են։ Շփման գծում խաղաղապահ ստորաբաժանման գործառույթների մեջ չի մտնում անհրաժեշտության դեպքում դիմակայել Ադրբեջանի ԶՈւ հարձակմանը, որովհետև նախ ռուսական կողմի անձնակազմը բավարար չէ, և երկրորդ՝ կանոնավոր բանակի հարցակումներին դիմակայելու գործառույթ խաղաղապահների վրա դրված չի եղել։ Եվ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը փորձի զինաթափել արցախա-ադրբեջանական սահմանին զինված մարտական հերթապահություն են իրականացնող մեր հայրենակիցներին, նրանք ինչպե՞ս պետք է դիմագրավեն այդ հարձակմանը։ Սա հարցերի հարցն է, որի պատասխանն այսօր Փաշինյանը չտվեց, փոխարենը շատ վտանգավոր գնահատականներ տվեց։
Մասնավորապես՝ 2020-ի դեկտեմբերի 11-ին Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման, հայ զինծառայողների գերեվարման, նաև Փառուխ գյուղի գրավման մեղադրական շեշտադրումների հասցեատեր ընտրեց ՌԴ խաղաղապահ զորախմբին։ Իսկ եթե պարզվի, որ հայկական կողմն է սխալ գործողություններ արել, կամ տարածքները միտումնավոր են հանձնվել։ Եթե ապացույցներ չկան, ապա նման մեղադրանքներն առնվազն դաշնակցային հարաբերությունների դրսևորում չեն»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Հայկ Նահապետյանը նշեց․ «Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առավելագույն օգուտներ քաղել՝ հայկական կողմի թույլ, պարտված վիճակի ու օրվա իշխանությունների, մեղմ ասած, ոչ պրոֆեսինալ լինելու ֆոնին։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ճնշումների քաղաքականությունը որպես ընթացիկ մարտավարություն են որդեգրել։ Այդ մարտավարությունը գործնականում ոչ միայն Հայաստանի ու Արցախի նկատմամբ է կիրառվում, այլև բանակցություններում՝ մասնավորապես Ռուսաստանի հետ։ Թուրքիան իրեն կարող է այդ գործելաոճը թույլ տալ, քանի որ ՀՀ օրվա իշխանությունների կողմից ոչ մի հակազդեցություն գործնականում չկա»,- ասաց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում նա խոսեց Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհի մասին։
«Ադրբեջանական կողմը ասում է՝ ճանապարհը իմ մասով կառուցել եմ, ինչու հայկական կողմը չի տեղափոխվում նոր ճանապարհ, Նիկոլ Փաշինյանը միայն հիմա է ասում, որ այդ համաձայնությունը ձեռք չի բերվել։ Ավելին՝ այդ ճանապարհի կառուցման ժամանակ Ադրբեջանը պարբերաբար իր երկրի նախագահի շուրթերով հայտարարել է կառուցման մեկնարկի մասին, ասել է, որ ճանապարհի շինարարությունը այսքան կամ այնքան ժամանակ է մնացել, բայց հայկական կողմը ոչ մի արձագանք չէր տալիս։ Հիմա մի իրավիճակ է, ըստ որի՝ եթե հայկական կողմին, այնուամենայիվ, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշմամբ պարտադվի հանձնել Բերձորի միջանցքը, ու հայկական կողմն օգտվի այընտրանքային ճանապարհից, հարց է առաջանում․ այդ այլընտրանքային ճանապարհի հայկական մասի ճանապարհ գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Այն գոյություն չունի»,- ասաց նա՝ շեշտելով,որ այդ ճանապարհի շինարարության մասին միայն օրերս է հայտարարվել ու նշվել է, որ մյուս տարվա մեջ նոր պետք է ավարտվի կառուցումը։
Նա շեշտեց, որ եթե ադրբեջանական կողմի պարտադրանքն այնքան ուժեղ լինի, որ հայկական կողմը ստիպված լինի հանձնել Բերձոր քաղաքը, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերը, ապա արցախահայությունն ու ՀՀ քաղաքացիները փաստի առաջ են կանգնելու։
Աննա Բադալյան