Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ ստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի արդար լուծման համար։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծել է, որ այդ մասին բազմիցս հայտարարել է Ռուսաստանի ղեկավարությունը։
«Կարգավորումների ամբողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք»,- ասել է Կոպիրկինը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին ու դրա դրույթներին, դեսպանը նշեց, որ, դատելով Սոչիում կայացած հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ համաձայնեցված չեն, եւ դրանց վրա աշխատանքները կշարունակվեն։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով, Ռուսաստանի առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման գործում հնարավոր աջակցությունն է։ Դեսպանը նշել է նաև այնպիսի կարևոր կետ, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնության լիակատար հանձնառությունը Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերություններին։
«Կարծում եմ՝ սա շատ կարևոր ազդանշան է թե՛ Հայաստանի, թե՛ հայ հասարակության, և թե՛ տարածաշրջանի բոլոր երկրների և ոչ միայն տարածաշրջանի համար»,- նշել է դիվանագետը։ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես դաշնակից։
«Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է իր ռազմական ներկայությունը այստեղ, և դա իսկապես կարևոր գործոն է անվտանգության և հետագա էսկալացիան կանխելու համար», – ընդգծել է դեսպանը։
Նա հորդորել է չմոռանալ ռուս խաղաղապահների խաղացած գործնական դերի մասին։ Դեսպանի խոսքով՝ ռուս զինվորականները կապ են պահպանում բոլոր կողմերի հետ, նրանց ջանքերն օգնում են կանխել այս էսկալացիայի զարգացումը։
«Ես խոսում եմ նաև մեր ներկայացուցիչների՝ և՛ քաղաքական ղեկավարության, և՛ զինվորականների դերի մասին՝ տեղում սեպտեմբերի 13-14-ը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- ասել է Կոպիրկինը։
Մեկնաբանելով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը՝ Կոպիրկինը նշել է, որ դրանք պետք է հիմնված լինեն այն երկրների ինքնիշխանության հարգման սկզբունքի վրա, որոնցով անցնում են համապատասխան հաղորդակցությունները։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հայտարարությամբ, որ կողմերը ձեռնպահ են մնում ուժի կիրառումից կամ սպառնալուց՝ ընդգծելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը, ինչպես նաև Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը: