Բանկերի սև ցուցակում հայտնված արցախցիների վերաբերյալ քննարկում կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բանկերի սև ցուցակում հայտնված արցախցիներին, ովքեր բնակարանների ձեռքբերման խնդիրների են բախվում: Խոսքն Արցախի տարբեր շրջաններից տարհանված քաղաքացիների մասին է:
Լրագրողները, մասնավորապես, բարձրացրին քաշաթաղցիների խնդիրը, որոնց թեպետ սկսել են բաժանել բնակարանների ձեռքբերման սերտիֆիկատները, բայց ոչ ոք դրանցով տուն չի կարողանում գնել։ Խնդիրն այն է, որ տեղահանվածներին բանկում դիտարկում են որպես սովորական հաճախորդ, որը պետք է ունենա մաքուր վարկային պատմություն և մոտավորապես 1,5 միլիոն դրամ, որպեսզի կարողանա վճարել կանխավճարն ու ձևակերպումից հետո առաջացած որոշակի գումարները։
«10 օր առաջ հանդիպում է տեղի ունեցել քաշաթաղցիների հետ: Նրանց կողմից բաձրացվել են մի խումբ հարցեր, որոնց դրական ենք արձագանքել: Ինչ վերաբերում է վարկունակության հետ կապված հարցերին, ապա եթե մինչև այդ հանդիպումն ընտանիքի բոլոր անդամների վարկունակությունն էր դիտարկվում, ապա այս դեպքում մենք բանկերի, նաև ԿԲ-ի հետ քննարկում ենք նրանց առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու հարցը»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: