Պետք է գտնենք Ադրբեջանի հետ կողք-կողքի, բայց առանձին ապրելու բանաձևը։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։
Անդրադառնալով արտաքին վտանգներին՝ Վարդանյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախում հնարավորինս քիչ մարդ ապրի։
«Պետք է զգաստ և պատրաստ լինենք, որովհետև հասկանում ենք, որ բարդ ձմեռ է սպասվում։ Ադրբեջանի հետ հարաբերությունների միակ ճանապարհն այն է, որ նրանք ընդունեն՝ Արցախն անկախ երկիր է։ Մենք պետք է գտնենք կողք-կողքի, բայց առանձին ապրելու բանաձևը՝ միևնույն ժամանակ մշտապես պատրաստ լինելով պայքարի»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերություններին՝ Վարդանյանը նշել է՝ միշտ երազել են, որ Արցախն ու Հայաստանը միանան իրար։
«Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում, ի դեմս Արցախի, պետք է ևս մի մարզ ավելանա։ Դա պահանջում էր, պահանջում է հիմա և ապագայում, որ մենք քննարկենք բանաձև, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։ Ես վստահ եմ, որ մեր միակ նպատակը պիտի լինի 1988 թվականին սկսած գործի շարունակությունը»,- ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ ի տարբերություն հարևան պետության՝ Արցախում չկա նավթ և գազ, կան տաղանդավոր մարդիկ, որոնք պետք է միմյանց հավատան, իրար հետ համագործակցեն, կերտեն Արցախի և հայկական աշխարհի նոր պատմության էջը։
Վարդանյանը խոսել է իր պաշտոնավարման 36 օրերի մասին և նշել՝ կատարվել են կարևոր գործեր, որոնք դեռևս տեսանելի չեն։ ՝
«Գիտենք, թե ինչ իրավիճակում են Արցախի հասարակությունը, տնտեսությունը, որոնք են սուր խնդիրները և խորքային հարցերը, որոնք պահանջում են ոչ հեշտ որոշումներ։ Գրեթե պատրաստ եմ այդ հարցերի շուրջ ստեղծել տարբեր աշխատանքային խմբեր, որոնք ոչ թե կքննարկեն, այլ կիրականացնեն այդ փոփոխությունները տարբեր ուղղություններում։ Հավատացեք, գուցե հասարակ խավը դեռ չի զգացել այդ փոփոխությունը, սակայն կառավարության հետ շփումներ ունեցող մարդիկ զգացել են, քանզի հստակ և կտրուկ պայմաններ ենք ստեղծել»,- ասել է Վարդանյանը։
Պետնախարարի խոսքով՝ այն, ինչ սկսվել է 1988 թվականից, չի փոխվել՝ Արցախը պետք է լինի հայկական, զարգացած և երջանիկ, նվազել է միայն հավատը, որ դա կարող է իրականություն դառնալ։
«Մարդիկ չեն հավատում ապագային, առաջնորդներին, բայց ես վստահ եմ, որ այդ նպատակին կարող ենք հասնել, թեպետ կպահանջվեն մեծ ջանքեր և աշխատանք։ Պետք է վերանայենք կառավարման ընդհանուր մոտեցումը, պետք է հետ բերենք հասարակության մեջ հավատը դեպի ղեկավարությունը, պետք է մարդիկ հասկանան, մեր հաղթանակի միակ ճանապարհը միավորումն է։ Պետք է ընդունենք, որ փոփոխություններն անխուսափելի են, սակայն դրանք բերելու են ցավալի արձագանքի՝ առաջին հերթին էիտայի կողմից»,- ասել է նա։
Վարդանյանն ընդգծել է, որ մինչ իր նշանակումը պետնախարարն ու նախարարներն կատարել են մեծ աշխատանք, պատերազմից հետո արել են բան, որ Արցախում ապրեն մարդիկ և որ նրանք հասել են իրենց նպատակին։
«Հիմա Արցախում ապրում է շուրջ 120 000 մարդ, դա լավ բազա է, որ մենք հաջորդ քայլը կատարենք, որպեսզի մարդիկ լինեն վստահ, ապագային հավատացող, երջանիկ, ապահով։ Պետք է այնպես անենք, որ տեղափոխված մարդիկ ցանկանան հետ վերադառնալ։ Պետնախարարին և նախարարներին փոխելու պատճառն այն էր, որ այս փուլում պահանջվում էին նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, նոր ծրագրեր, կառավարման նոր մեթոդներ»,- նշել է նա։