Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ:
«ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի և Հայաստանի միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու: Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»,-ասված է հայտարարության մեջ:
Արցախի ԱԺ-մ ակնկալում ենք Ռուսաստանից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը, նշված է հայտարարարությունում:
«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները, երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ:
Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ «բնապահպաններ» ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով ողջ ժողովրդին:
Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: