Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա և մայրիկ են գտնվում, ինտեսիվ հսկողության և թերապիայի բաժնում ևս նորածիններ կան։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից։
Ռեպորտաժում ասվում է, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որով անհրաժեշտ սնունդ, դեղորայք էր հասնում Արցախ, արդեն քանի օր է՝ փակ է, ինչի հետևանքով Ստեփանակերտի ծննդատունն ունի նաև ջեռուցման խնդիր։
Ինչպես ասում է ԲԿ տնօրեն Վարդգես Օսիպովը՝ գազի անջատումից հետո կաթսայատունն արդեն չի գործում։
«Հաշվի առնելով ցուրտ ձմեռը՝ մենք օգտագործում ենք մեր բոլոր ռեսուրսները, դրանք էլեկտրական տաքացուցիչներն են։ սակայն մայրերի և նորածինների համար մենք չենք կարող համապատասխան ջերմություն ապահովել»,- ասում է նա։
Նա նաև պարզաբանում է, որ առաժմ աշխատանքներն առանց խափանումների են ընթանում, սակայն եթե ճանապարհը ևս մի քանի օր փակ մնա, ապա դեղորայքի ու անհրաժեշտ բժշկական պարագաների լուրջ խնդիր կառաջանա։
Ծննդկաններն ասում են, որ ծննդատանը ցուրտ է, վախենում են մրսել ու հիվանդանալ, սակայն մարտական են տրամադրված։ Հույս ունեն, որ իրենց նորածին բալիկները ազատ հայրենիքում են ապրելու։ Միայն թե աշխարհը լուռ չմնա։ Արձագանքի երկրում տեղի ունեցող սարսափելի իրադարձություններին։ Քանի որ աշխարհի ձայնից բարձր նորածինների առաջին ճիչն է։