Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։
«Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն այդ երկրի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում։
Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի, ինչը չի կարող և չպետք է անտեսվի։ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։
Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել նախադրյալներ տևական խաղաղության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: