Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ էր բանակցել «Ղարաբաղի հայ բնակչության» հետ: Սակայն, ինչպես նա ասել է, «մարդը (Ռուբեն Վարդանյանը), ով Ղարաբաղ է եկել դրսից կամ ուղարկվել է ինչ-որ մեկի խաղերը խաղալով, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել»։
Նրա խոսքով՝ «այն մարդիկ, ովքեր կանգնած էին նրա թիկունքում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատելու»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին հրամանագիր է ստորագրել Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, որին նա նշանակվել էր 2022 թվականի նոյեմբերի 4-ին։ Պետնախարարի պաշտոնը նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Ներսիսյանին։
Վարդանյանը կառավարության նիստում, որի ժամանակ նախագահը հայտնել է իր հրաժարականի մասին, հայտարարել է, որ չի լքի Արցախը։ «Գիտեմ, որ Արցախում գտնվելու հետ կապված ճնշումներ կան, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ հեռանա, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի և շարունակելու եմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ օրս», – ասաց Վարդանյանը: