Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը, որտեղ տեղի են ունեցել առաջին քննարկումները։ Այս մասին հայտնում են ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակից։
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է:
Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու նշանակությունն Արցախի բնակչության համար:
«Նպատակն է ունենալ այնպիսի համակարգ, որը նույնիսկ ինտերնետային շրջափակման պայմաններում Արցախի բնակիչների համար հաղորդակցության այլընտրանքային և հուսալի միջոց կդառնա: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ կապի բոլորովին նոր հնարավորություններ կստեղծվեն Արցախի համար»,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ շատ կարևոր է հասկանալ ժողովրդի մոտեցումը, հիմնական մտահոգություններն ու խնդիրները, որպեսզի ծրագրերը լինեն թիրախային՝ ուղղված նրանց կենսական խնդիրների լուծմանը:
«Այս ճգնաժամի պայմաններում կարևոր է ունենալ մի վայր, որը հնարավորություն կտա համագործակցության մեխանիզմ գործարկել մասնավոր և պետական հատվածների միջև: Վստահ եմ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում միասնականությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա հաղթահարել այս մարտահրավերները»,-ասել է Ռուբեն Վարդանյանը: