Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվայից ժամանելուն պես իր շրջապատին ասել է, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է, գրում է «Հրապարակ» թերթը։ Պարբերականը չի հստակեցրել այցի ժամկետների և Հարությունյանի ունեցած հանդիպումների մանրամասները։
«Պետք է պատրաստվել երկարաժամկետ ու կոշտ դիմադրության, զինվել՝ նախապատրաստվելով առաջիկա պատերազմին»,- ասել է Հարությունյանը։
Հանրապետության նախագահը, ըստ թերթի, ասել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ՝ «կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ պայքարել, անհրաժեշտության դեպքում՝ կյանքը տալ անկախության համար»։ Հարությունյանն ամբողջությամբ բացառել է Ադրբեջանի հետ ինտեգրումը, հավելել է թերթը։
Մարտի 17-ին մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին ասել է, որ Ադրբեջանի հետ հանրապետության ինտեգրումն այլընտրանք չունի։ «Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա [Հարությունյանը] հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացիորեն կրկնել է Բաքվի այն թեզերը, որ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա։ Հարությունյանը կարծում է, որ որպես նախագահ այլևս անելիք չունի, և պատրաստվում է հրաժարական տալ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ կա՛մ նրան կտարհամոզեն Մոսկվայից, կա՛մ նա հրաժարականի դիմում գրի»։