Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքը և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը, «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին՝ պատճառաբանելով, որ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները ՀՀ ՊՆ զինծառայողներ են»,- գրել է նա։
Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանական կողմի պնդումներն ամբողջությամբ սուտ են։
«Ադրբեջանական կողմի պնդումներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում հայ զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են ԼՂ-ից։ Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը կամ բացակայությունը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը»,- ասել է նա։
Դեսպանի հավելել է, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքի նախաձեռնումը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։
Հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների հայկական դիրքերի գնդակոծության հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել՝ Արմո Աբգարյանը, Գագիկ Բալայանը, Սամվել Թորոսյանը և Երվանդ Թադևոսյանը։ Հունիսի 29-ին Արցախի ՄԻՊ-ը հայտարարել է, որ Ադրբեջանն արգելում է նրանցից երկուսի դիերը Հայաստան տեղափոխել։ Հուլիսի 1-ին Ստեփանյանը հայտնել է, որ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինները Կարմիր Խաչի միջոցով տեղափոխել են Հայաստան՝ ծնողների կամքի համաձայն հողին հանձնելու Եռաբլուրում։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ։