Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախը հայտարարում է աղետի գոտի։
«Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով: Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ»,-հայտարարել է Հարությունյանը։
Ասուլիսին մասնակցել են միջազգային լրատվամիջոցների շուրջ 100 ներկայացուցիչներ, լրագրողներ հայկական սփյուռքից և աշխարհի 35 երկրներից, այդ թվում՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ասվում է նախագահի ֆեյսբուքյան էջում։