Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ, անդրադարձել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված դիմումին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի:
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում մինչ օրս միջազգային գործընկերների, կառույցների կողմից բազում հասցեական ուղերձները և, արդեն 8 ամիս արգելափակված պահելով Լաչինի միջանցքը, խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները:
Գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանը ներկայացրել է ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար ստեղծված ծանրագույն պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր պակասը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Լաչինի միջանցքով լիարժեք և անխափան գործունեության ապահովման հրամայականը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմներն արդյունավետորն օգտագործելու և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։