Միջազգային հանրությունը հերթական անգամ բավարարվեց հայտարարություններով ու կոչերով, որոնց հետ հույս կապել պետք չէ, Armenia Today-ի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախում հումանիտար ճգնաժամի հարցով օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։
«Նիստն արտահերթ էր, բայց արտառոց ոչինչ տեղի չունեցավ։ Սպասելի նիստերի շարքից էր։ Պարզ էր, որ պետություններն, այո՛, հայտարարություններ անելու են, բայց հայտարարությունից այն կողմ չեն անցնելու։ Օրինակ՝ Ֆրանսիան, Մալթան ավելի կոշտ ելույթներ ունեցան, իրերն իրենց անուններով կոչեցին։ Մասնավորապես՝ Ադրբեջանին կոչ արեցին Աղդամի ճանապարհը չհավասարեցնել Լաչինի միջանցքի հետ։ Այդուհանդերձ, սակայն, եզրափակիչ փաստաթղթում ավելի կոնկրետ քայլերի ու գործողությունների ծրագիր մենք չտեսանք։ Միջազգային հանրությունը գուցե հայամետ կոչեր արեց, բայց ոչ ավելին»,- ասաց Բալասանյանը։
Նրա խոսքով՝ եզրափակիչ փաստաթղթում բաժիններից մեկը պետք է նվիրված լիներ այն փաստին, որ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը։ Միջազգայնագետի դիտարկմամբ՝ այդ դրույթով Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվեր։
«Այո՛, հայտարարությունների մակարդակով ասացին, որ այդ որոշումը չի կատարվում, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի երկիր չխոսեց զոհի՝ սովամահության մասին։ Ոչ ոք չասաց, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով ոչ միայն ծանր վիճակ է ստեղծվել, այլև կան ծանր հետևանքներ, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվի։ Մեծ հաշվով՝ հայամետ կամ թվացյալ հայամետ հայտարարությունների հետ հույս կապելն անիմաստ է։ Ադրբեջանն ապացուցեց, որ կարող է չկատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը, և իրեն ոչինչ չի լինի, ցույց տվեց, որ կարող է փակ պահել միջանցքը, անգամ սովամահության դեպք է գրանցվել, բայց էլի ոչինչ չի լինի»,- ասաց նա՝ շեշտելով, որ Ադրբեջանը խախտում է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, բայց գործողություններն անհետևանք են մնում։
Բալասանյանը շեշտեց՝ հնարավոր չէ Ադրբեջանի հետ խոսել դիվանագիտական, քաղական մեթոդներով։ ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի համատեքստում խոսելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունների մասին, որ կուլիսներում բանակցություններ են ընթանում, միջազգայնագետը նշեց․
«Ես չեմ բացառում, որ կան նաև անդրկուլիսային բանակցություններ։ Իմ կարծիքով՝ այդ բանակցությունների հիմնական անկյունաքարը լինելու է այն, ինչի մասին վերոնշյալ նիստում, կարծես, նշեց Ադրբեջանի ներկայացուցիցը։ Իրենց դիրքորոշմամբ՝ քանի որ Հայաստանն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել, հետևաբար, Ադրբեջանի սուվերեն իրավունքն է թույլ տալ կամ թույլ չտալ, որ իր տարածքում ինչ-որ բեռներ անցնեն։ Չեմ բացառում, որ կուլիսային բանակցությունները կլինեն հետևյալի շուրջ․ «Բացեք Աղդամի ճանապարհը, ես կբացեմ Լաչինը»։ Երկրորդ՝ «ընդունեք իմ ինտեգրացիոն պլանը, որով մինչև դեկտեմբեր, արագացված կերպով Արցախն ամբողջությամբ պետք է լինի Ադրբեջանի կազմում»։ Եթե այս պահանջները չկատարվեն, հակառակ դեպքում էլի չեն բացելու ճանապարհը, քանի որ վստահ են, որ Հայաստանը զենքի ուժով այդ ճանապարհը չի բացելու, քանի որ նման ցանկություն չկա։ Հետևաբար, այդ առումով Ադրբեջանն ապահովագրված է, այսինքն, գիտի, որ Հայաստանը զենքի ուժով չի բացելու ճանապարհը, իսկ ինքը կարող է հագիստ ևս 6 ամիս չբացել այն»,- նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի խոսքով՝ կուլիսային բանակցությունները միշտ են կարևոր, բայց, ցավոք, պետք է հասկանալ, թե ով է Հայաստանի անունից կուլիսային բանացություններ վարում։
«Կուլիսային բանակցություններ վարելու համար պետք է հսկայական դիվանագիտական ծառայության փորձ ունենալ, մինչդեռ այս առումով անփորձ անձինք դժվարանալու են հօգօտ Հայաստանի բանակցություններ վարել։ Ադրբեջանն այս հանգամանքը ևս հաշվի է առել։ Բանկցությունները կուլիսային լինելու են, բայց, ցավոք, ոչ հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի»,- եզրափակեց Բալասանյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով գումարված նիստում քննարկել է Արցախում առկա ճգնաժամը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան