ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը վերջին օրերին Արցախում հնչող որոշ կոչեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլ է որակել, տեղեկանում ենք ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից, որի միջոցով Իշխանյանը կոչով է հանդես եկել։
«Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը։ Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին»,-հայտարարել է նա։
Նա նշել է, որ պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու և այս իրավիճակից հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:
«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլև հանրության խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ: Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի և պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը և այն ներկայացնելու թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին: Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»,-նշել է նա։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։