Հունգարիան արգելափակել է Եվրամիության համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հարձակումից հետո, X (նախկին Twitter) սոցցանցում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
«ԵՄ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակեց այն», – գրել է նա:
Նա հավելել է, որ տեղեկություն է ստացել եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Բորելի հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը պատասխանատու է ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տներում ապրելու նրանց իրավունքը: Եվրամիությունը Բաքվին և Ղարաբաղի հայերին կոչ է արել անհապաղ թափանցիկ երկխոսություն սկսել բոլոր հարցերի շուրջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Եվլախում սեպտեմբերի 21-ին տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացրել էր պատգամավոր Ռամին Մամեդովը։