Մեր կառավարությունը բազմիցս հորդորել է, որպեսզի արցախցիները գնան Բաքվի հետ ուղիղ բանակցությունների, այսինքն Ստեփանակերտ և Բաքու բանակցությունները լինեն ուղիղ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ միջազգային գործընկերները նույնիսկ առաջարկ են արել դա կազմակերպել միջազգային մեխանիզմների շրջանակում:
«Բազմաթիվ և անհասկանալի պրոցեսների բերումով՝ այդ բանակցությունները տեղի չունեցան, դրան հետևեց նաև Արցախում իշխանափոխությունը, որը հիմնավորվում էր Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակը բարձրացնելով և առկա խնդիրները լուծելով: Բայց տեսանք՝ իշխանափոխությունից հետո այլ իրադրություն ստեղծվեց և մի քանի օր հետո Արցախը կապիտուլացիայի ենթարկվեց»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ, որ ժամանակին սկսեին Բաքվի հետ բանակցություններ և ՀՀ կառավարության հորդորներին ընդառաջ գնային:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։