Սեպտեմբերին 1000, իսկ հոկտեմբերին 800 հրապարակում է եղել միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման մասին, «X»–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը
«Հույժ կարևոր է արձանագրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման և հաջորդող էթնիկ զտումների միջազգային օբյեկտիվ լուսաբանումը», – գրել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։