Վագիֆ Խաչատրյանի գործով բողոքարկումը ձևական պաշտպանության շրջանակներում է, այս մասին հայ գերիների հարցով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Նա ընդգծել է, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ռազմագերիների հանրային պաշտպանները բողոքարկել են դատական ակտերը, բայց այդ բողոքարկումները որևէ արդյունք չեն տվել և սահմանված պատժաչափերը մնացել են անփոփոխ:
«Ադրբեջանն այս ճանապարհով փորձում է իմիտացնել, թե Ադրբեջում պետական պաշտպանության միջոցներ գոյություն ունեն և այդ մեխանիզմներն արդյունավետ են: Հիմնական նպատակը միջազգային դատարաններում ընթացող գործընթացներւոմ ապացույցներ գեներացնելն է: Այս միջոցառումների հիմնական նպատակը միջազգային ատյաններւոմ երկրի շահերի պաշտպանությունը կազմակերպելն է, չեմ կարծում թե բողոքարկման իրական նպատակը արդարության վերականգնումը կամ դատական սխաների բացառումն է»,- շեշտել է Սահակյանը:
Նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Նոյեմբերի 7-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Վագիֆ Խաչատրյանի դեմ գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը․ վերոնշյալ տեղեկությունները փոխանցվել էին վերջինիս հարազատներին: