Հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզն Ադրբեջանի ձեռնագիրն են դարձել, հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը:
«Այսօր հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի և առ այսօր միջազգային իրավունքի ուժով դատապարտման չարժանացած Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցն է»,- նշել է Բաղունցը՝ ավելացնելով, որ Սումգայիթի ջարդերից հետո անցած տարիները ևս վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չի կրել։
«Հայատյացությունը, ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում են մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքում: Իսկ կատարված ոճրագործությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր»,- հայտարարել է Արցախի ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:
ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ և նշել Ադրբեջանի ներկայիս քաղաքականության մասին, որն ուղղված է հայկական հետքի վերացմանը։