Արցախում մարտի 31-ին տեղի կունենան համապետական ընտրություններ։ Նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Այսօր՝ մարտի 30-ին, հայտարաված է լռության օր։
Նշենք, որ Արցախում համաժողովրդական ընտրությունների միջոցով նախագահի ընտրություն տեղի կունենա 6-րդ, իսկ խորհրդարանի՝ 7-րդ անգամ:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 26-ին և տևել է մինչև մարտի 29-ը:
Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ:
Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Աշոտ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը և Մելսիկ Պողոսյանը ինքնաառաջադրվել են: Նշենք, որ առաջին անգամ նախագահի պաշտոնի համար առաջադրվել են նաև կին թեկնածուներ:
Կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝ Դավիթ Բաբայանը՝ առաջադրված Արցախի պահպանողական կուսակցության կողմից, Վահան Բադասյանը՝ առաջադրված «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից, Վիտալի Բալասանյանը՝ առաջադրված «Արդարություն» կուսակցության կողմից, Դավիթ Իշխանյանը՝ առաջադրված ՀՅԴ կողմից, Ռուսլան Իսրայելյանը՝ առաջադրված «Անկախության սերունդ» կուսակցության կողմից, Հայկ Խանումյանը՝ առաջադրված «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից, Աշոտ Ղուլյանը՝ առաջադրված Ժողովրդավարական կուսակցության կողմից և Արայիկ Հարությունյանը՝ առաջադրված «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնական հայրենիք» կուսակցությունը և «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը հայտնել են, որ նախագահական ընտրություններում սատարում են Մասիս Մայիլյանին:
Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103 506 քաղաքացի: