Արցախցիներն ունեն բոլոր իրավունքները մասնակցելու ՀՀ քաղաքական գործընթացներին, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ կոչ անելով դադարեցնել արցախցիների դեմ ատելության քարոզն ու շահարկումները։
Նա հայտնել է, որ մասնակցելու է մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին: Բեգլարյանը հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ հավաքներին մասնակցելու իրավունքը և կարծիքի արտահայտման ազատությունը տրված է յուրաքանչյուր անձի:
Արցախցիների մասնակցությունը քաղաքական ակցիաներին շահարկողներին ի պատասխան նա նշել է, որ ՀՀ իշխանությունների որոշումներն ուղղակիորեն ազդել և ազդում են նաև արցախցիների վրա։ «Նույնիսկ կասեի, որ ամենաշատն են ազդել մեզ վրա»,- գրել է նա:
Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ արցախցիները շարունակում են ունենալ ՀՀ անձնագիր։ «Այդ անձնագիրը մինչև 2023թ. հոկտեմբեր մեզ փաստացի տալիս էր ՀՀ քաղաքացու ամբողջական կարգավիճակ, իսկ հիմա արհեստականորեն իջեցվել է մեր կարգավիճակի նշաձողը»,- ընդգծել է Բեգլարյանը և ավելացրել, որ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ՝ արցախցիները հետևում են հոգևոր հայրերի առաջնորդությանը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել էր մայիսի 26-ին մեծ հանրահավաք հրավիրելու մասին։ Քննչական կոմիտեն մայիսի 24-ին հայտնել էր Գեղարքունիքի մարզի բնակչի ձերբակալության մասին և հրապարակել արցախյան բարբառով խոսող անձանց ձայնագրություն։