ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ: Այս մասին հայտնում է ԱԳՆ տեղեկատվական կենտրոնը։
«Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Այս իրողությունն ամբողջովին արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սկզբունքներում և տարրերում, որտեղ ամրագրված է այդ իրավունքով Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարության մեջ հակամարտության կարգավորմանն ուղղված սկզբունքների և տարրերի համատեքստում ևս մեկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչության դերն իր ապագան որոշելու գործում»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն նաև կարևորել է Արցախի ապագա իշխանությունների հետագա հանձնառությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում։