Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում։ Այս մասին հայտնել է Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում։
Բալասանյանը հայտարարել է նաև, որ Արցախի իշխանությունները չանսացին իր կոչին՝ ընտրությունների հետաձգման հետ կապված և եթե հետագայում պարզվի, որ որևէ խնդիր է առաջացել, ապա դրա համար պետք է համապատասխան քաղաքական և իրավական գնահատականներ տրվեն։
«Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա ես որպես նախագահի թեկնածու և «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր չտրվեցին փողի գայթակղությանը, անտեսեցին վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև չընկան արկածախնդրության և դրսից հրահրվող կասկածելի գործընթացների հորձանուտի մեջ՝ քվեարկելով հանուն անվտանգության և արդարության ապահովման»,-նշել է նա։