Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ավարտի մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևին, տեղեկացրել են, որ քրգործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան:
Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է «քննչական գործողությունների» ավարտի մասին։ Նրա խոսքով՝ «այս պահին մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, որից հետո նյութերը կփոխանցեն դատարան»։
2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից հետո Բաքուն գերեվարել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բաքվի դատարանը 2024-ի մայիսին երկարացրել էր նրանց ապօրինի կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։