«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել Հայաստանում Արցախից տեղահանվածների բնակության պայմանները ստուգող քննիչ հանձնաժողովի անդամների թվի մասին որոշման նախագծին։
«Կողմ» է քվեարկել 28, «դեմ»՝ 56 պատգամավոր։
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ տեղահանվածների կյանքին վերաբերող հարցերի պատասխանները կարելի է ստանալ բազմաթիվ այլ գործիքների միջոցով, և դրա համար քննիչ հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։
«Հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին, հետևաբար ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- եզրափակել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ հսկայական միջոցներ, այդ թվում սփյուռքից և միջազգային կազմակերպություններից, հատկացվել են արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար։
«Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն։ Դա պետք է լիներ այս հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը»,- նշել է նա։
Սեպտեմբերի 25-ին խորհրդարանում Արցախի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի ձևավորման որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումից հետո Արցախից Հայաստան ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ 2024 թվականի օգոստոսին ԱԱԾ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ 2020 թվականից ի վեր երկիրը լքած արցախցիների թիվը գրեթե 27 հազար է։