Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հնարավորություն կունենան պարզեցված ընթացակարգով գրանցել իրենց կողմից օգտագործվող մեքենաները, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Կառավարության որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են արտոնյալ ընթացակարգով գրանցել այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնավոր սեփականություն չեն հանդիսանում, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ են գտնվում կամ օգտագործվում են իրենց կողմից։
Ըստ ՆԳՆ-ի՝ որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք ունենալով փաստացի օգտագործողներ՝ դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:
ՆԳՆ-ն հայտնել է, որ այդ հնարավորությունը տրվելու է մինչև 2017թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներին:
Սեփականատիրոջից չեն պահանջելու տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ և այլ փաստաթղթեր, իսկ սեփականության իրավունքի գրանցումը կատարվելու է նշված տրանսպորտային միջոցների տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։
Ավտոմեքենան գրանցելուց հետո սեփականատերերին կազատեն փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
Սահմանված ընթացակարգը գործելու է մինչև 2025թ. հուլիսի 1-ը դիմելու դեպքում, մանրամասնել են գերատեսչությունից։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։