Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախագահի ընտրություններում իր հիմնական մրցակից Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Հարությունյանը նշել է, որ Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։
«Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին և տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»,- գրել է ԱՀ նորընտիր նախագահը։