Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՊՀ նախարարական համաժողովի նիստի՝ իր բացման խոսքում` արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:
Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար»,-հայտարարել է Մնացականյանը:
Նա նշել է, որ հենց այս մոտեցումների շուրջ էլ շարունակվում են հակամարտության կարգավորման աշխատանքները։