ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը:
Հաձնաժողովի նիստում համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և նշել, որ համաձայնագրի վավերացումն ուղղված է զբոսաշրջային միգրացիայի խթանմանը։
«Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: Նպատակը մեկն է՝ սույն համաձայնագրի վավերացումով կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումն աշխատանքի տեղավորման համար։ Վերջնարդյունքում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն է այդ փաստաթուղթն ունեցող անձանց համար»,- նշել է Մարտիրոսյանը։
Նախարարի տեղակալը հավելել է, որ սույն համաձայնագրի դրույթները կկիրառվեն մինչև համաձայնագրի ուժի մեջ մտնելը տրված գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի դեպքում․ «Միայն մեկ բացառություն կա՝ եթե այդ փաստաթղթերը փորձաքննվել են և արդյունքում տրվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով»։
Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: