ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ին, տեղի ունեցած նիստում որոշեց ևս մեկ ամսով երկարացնել արտակագ դրությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Հաղորդվում է, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում մասնավորապես 2020 թվականի հուլիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպքերը, որոնցից 19633-ը` առողջացած, 565-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 31924), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով: