Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։
Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ։
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
Հիշեցնենք՝ Ամուլսարի համար պայքարող բնապահպաններն այսօր ԱԺ-ի դիմաց են հավաքվել՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը:
Նրանք իրենց հետ ունեն «Ժողովրդավարությունն Ամուլսարում է, ոչ թե Երևանում», «Կեցցեն ջերմուկցիները, որ ապրելու են հանքակերներից ազատված Ամուլսարի շուրջ» բովանդակությամբ պաստառներ։ Ոստիկանները նրանց մոտեցան ու հորդորեցին 2 րոպեի ընթացում ազատել տարածքը, հակառակ դեպքում նրանց բերման կենթարկեն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի ակտիվիստների։