Այսօր Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու տոնն է: Ամեն տարի Գյումրի քաղաքի օրը Հանրապետության ամենագունեղ տոնակատարություններից է եղել։
Համավարակով պայմանավորված՝ այս տարի «Գյումրու օրվա» բոլոր միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ՝ «Իմ սեր, Գյումրի» խորագրի ներքո: Տոնական տրամադրությունը տարածելու համար և օրվա խորհրդով պայմանավորված՝ կօգտագործվեն համացանցի բոլոր հնարավորությունները, կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանից:
Նշենք, որ Գյումրու ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում քաղաքի օրվա միջոցառումների կազմակերպման համար 8 մլն դրամ էր հատկացրել՝ կրկնելով 2019 թ. տոնակատարության բյուջեն։ Քաղաքապետն ու ներկաները նաև հույս էին հայտնել, որ համավարակը կնահանջի և քաղաքի օրը հնարավոր կլինի մեծ շուքով տոնել:
Հավելենք, որ անցյալ տարի Գյումրու օրը մեծ շուքով նշվել էր օգոստոսի 25-ին՝ «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերականացված ներակայացումներ, ֆլեշ-մոբեր։ Քաղաքը հյուրընկալել էր մեծ թվով հյուրերի ու զբոսաշրջիկների։
Պատմական ակնարկ. տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Շուրջ 16 դար բնակավայրը հայտնի էր այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություն չի եղել, որից հետո քաղաքը հիշատակվում է «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ անուններով՝ մինչև 1837 թ., երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո 1924 թ. քաղաքը կոչվեց Լենինական։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թ. շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն՝ Կումայրի անունը, որից հետո 1992 թ. կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։