Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակում մարզպետարանը կողմ չի հանդիսանում։ Կա դատարանի որոշում, որով սահմանվում է, թե ով պետք է լինի համայնքի ղեկավարը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Մարզպետարանը լիազոր մարմին չէ, որ դատարանի որոշման մասին կարծիք հայտնի։ Դատարանի որոշումները պետք է անպայմանորեն կատարվեն և մարզպետարանի համար ուրիշ տարբերակ չկա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ համայնքի նախկին ղեկավարի։ Դեռ 2018 թվականին համայնքում ակցիա են իրականացրել, որի հետևանք համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն՝ իր դիմումի համաձայն, լքել է պաշտոնը: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո նախկին համայնքապետը դիմել է դատարան։ Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն: Գյուղացիները համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են պահանջում, չեն ցանկանում, որ նախկին համայնքապետը վերադառնա պաշտոնին։
Մարզում գյուղմթերքի իրացման խնդիր կա․ գյուղացիներն ակցիա են անցկացրել՝ դժգոհելով, որ վերամշակող ընկերությունները մթերում չեն իրականացնում։ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ խնդիրն արդեն լուծվել է, վերամշակող ընկերությունները մթերում կազմակերպելու նպատակով վարկավորում են ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։