Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Վահագն Ասատրյանը մասնակցել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմին։ Իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։ Զոհվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։
Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացավ վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվեց զոհված Խաչատրյանի պատվին։
Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ նա իր ստորաբաժանման հետ ընկավ շրջափակման մեջ։ Նրա հրամանատարությամբ իր ստորաբաժանումը մարտեր վարելով կարողացավ ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ ռազմագործողությունների ընթացքում նրա ստորաբաժանումը տվեց մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։
Ըստ նրա օգնական Արթուր Մուսաելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։
Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։