Հին նմուշի անձնագրեր կտրվեն նաև 2022 թվականին: Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած նիստում որոշում ընդունեց կառավարությունը: Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգվում է՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Դա պայմանավորված է ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը չխաթարելով։
Ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման արդիականացված ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, պայամանգիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ։
Աշխատանքները գտնվում են ընթացքի մէջ, սակայն ներկայումս շահագործվող համակարգը գործող միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել տեխնիկական առաջադրանքում, ինչը կարող է պահանջել տևական ժամանակ։
Նշենք, որ ըստ նախագծի՝ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը: Քանի որ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից:
Մեկ այլ կարգավորմամբ էլ փոփոխվում է անձնագրում ծննդյան վայրի դաշտում կարող է գրվել ծնդյան քաղաքի անվանումը, քանի որ պետության անվանումը երբեմն խնդիր է առաջացնում քաղաքացիների շրջանում:
Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս դադարեցված էր 1998 թվականի հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Պատճառը, Armenia Today-ի հարցման արդյունքներով՝ լոգիստիկ խնդիրներն էին, որոնք առաջացել էին լեհական PWPW ընկերության մատակարարման հետ: Անձնագրերի տրամադրումը վերականգնվեց սեպտեմբերի 13-ին: Հարցման արդյունքում նաև պարզել էինք, որ պատվիրված 200 000 անձնագրի համար Ոստիկանության բյուջեից 268 916 000 դրամ է հատկացվել: