Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:
Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն:
«Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:
Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,- գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը կեսգիշերին կարգավորվել է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: