Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ սինոդը որոշում է կայացրել Հայաստանում Երևանյան-Հայաստանյան թեմ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկանում ենք սինոդի կայքից:
«Ձևավորել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Երևանյան-Հայաստանյան թեմի թեմական եպիսկոպոսը կունենա «Երևանյան և հայաստանյան» տիտղոս»,- ասված է Ռուս Ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Երևանի և Հայաստանի եպիսկոպոս է նշանակվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին (Գորբաչով): Նա նաև կպահպանի Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:
Ավելի վաղ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ Հայաստանում կհիմնվի Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն` նշելով, որ «ցավոք, այս հարցը հետաձգվում է»: Ռուսաստանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների միջև հաղորդակցությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին: