«Տաշիր պիցցա»-ի կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը:
Armenia Today-ը «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցից տեղեկացավ, որ թունավորված հիվանդների կեսը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների մոտ արդեն դրական տեղաշարժ կա։
«Հոսպիտալացվածների 50 տոկոսն արդեն դուրս է գրվել։ «Հանրապետական» հիվանդանոցից 27 հոսպիտալացված քաղաքացի դուրս է գրվել։ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցից ևս դուրս գրվածներ կան։ Մնացած պացիենտների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա»,- մանրամասնեց «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մարքեթինգի բաժնի աշխատակից Գայանե Գասպարյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունը համագործակցում է Առողջապահության նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ։
Նշենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն:
Հիշեցնենք, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիների մոտ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններ էին նկատվել, 98 հոգի հոսպիտալացվել էր։
Հավելենք նաև, որ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն: