Փետրվարի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել, նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները:
Զեկուցողի խոսքով` նախաձեռնությամբ լուծվում է նաև մեկ այլ կարևոր հարց` կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձևավորման հետ: «Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որևէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ»,- նշել է Աղվան Վարդանյանը և հավելել, որ առաջարկվում է օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում ՀՀ դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը` օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:
Հանձնաժողովի անդամներն ողջունել են նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ: Նշվել է, որ որոշ ձևակերպումներ հստակեցման կարիք ունեն:
Փաթեթի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Գործադիրը, դրական գնահատելով նախաձեռնությունը, ներկայացրել է մի շարք դիտողություններ և առաջարկներ:
Հանձնաժողովում օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն` առաջինից երկրորդ ընթերցում այն լրամշակելու պայմանով:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: