Լյուբլինսկի շրջանային դատարանը 2020 թվականին Մոսկվայում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հինգ մասնակցի դատապարտել է երկու տարի ութ ամիս ազատազրկման, ևս երկուսը պայմանական ազատազրկման են դատապարտվել։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։
«Դատարանը Է.Ալակբարովին, Բ.Վալիևին, Պ.Գամիդովին, Տ.Իսմայիլովին, Ա.Կաֆարովին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ և նրանց դատապարտել 2 տարի 8 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Գործով ևս երկու մեղադրյալներ՝ Զախիդով Մ.-ն և Գիյասով Դ.-ն ստացել են 2 տարի 8 ամիս պայմանական ազատազրկում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին, հուլիսյան պատերազմի ֆոնին, մինչ արցախյան 44-օրյա պատերազմի սկիզբը, Մոսկվայում բախումներ տեղի ունեցան հայերի և ադրբեջանցիների միջև։ Մասնավորապես, բժշկական դիմակներով մի քանի ադրբեջանցիներ հարձակվել են հայկական համարանիշներով մեքենաներով մարդկանց վրա, իսկ ադրբեջանական շուկայի սեփականատերերն արգելել են հայ մատակարարներին վաճառել իրենց ապրանքները։ Այսպիսով, Food City գյուղատնտեսական կլաստերի սեփականատերերը՝ Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը, արգելեցին հայկական գյուղմթերքի վաճառքն իրենց շուկայում, համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում ադրբեջանցի օգտատերերը ոտնահարում են հայկական ծիրանը։ Այս «Ծիրանի պատերազմի» արդյունքում ծիրանի հայ մատակարարներից շատերը փաստացի չունեին իրենց արտադրանքը Մոսկվայում վաճառելու տեղ։
Հակամարտությունը լուծվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, որը հայ արտահանողներին առաջարկեց իրենց ապրանքները վաճառել Բուխտա մեծածախ և մանրածախ շուկայում, իսկ ծիրանի մի մասը բաժանվեց Մոսկվայի հայկական եկեղեցու բակում։