Հայաստանը ամառային արձակուրդների ընթացքում շարունակում է պահպանել իր դիրքերը ռուսների համար ամենահայտնի միջազգային ուղղություններում։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայությանը։
Ծառայության փորձագետների կատարած հետազոտությունների համաձայն՝ արտասահմանում բոլոր պատվերների 16,3%-ը Հայաստանի ուղղությամբ են։ Այս ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է՝ զիջելով միայն Թուրքիային, որտեղ հանգստի մեկնելու մտադրություն ունի ռուսաստանցիների 16,6%-ը։ Երրորդ տեղում Ղրղզստանն է՝ պատվերների 11,8%-ը։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը լավ տեմպերով վերականգնվում է։ Միայն այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 116 հազար զբոսաշրջիկ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թվականի հունվար-մարտին Հայաստան է այցելել 249 361 զբոսաշրջիկ, ինչը 2,9 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։