Հիմնանորոգումից հետո հարմարավետ ու բարեկարգ պայմաններով բնակիչների տնօրինմանն է հանձնվել Արաբկիր զբոսայգին կամ ինչպես ժողովուրդն է անվանում՝ Մոլոկանի այգին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հանգստի այս գոտու տնօրինումն ու խնամքը տասնամյակներ շարունակ հանձնված էր մասնավորին, այնուհետև ենթավարձակալների տնօրինմանը, և այգում տարիների ընթացքում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ։
«Բանակցեցինք, մասնավորի հետ եկանք համաձայնության, և նա վերադարձրեց այգին»,- ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
Տարիների ընթացքում զգալիորեն նվազել էր այգու կանաչ մակերեսը: Տարածքում կան բնիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես կանաչ տարածքի վերականգնումը թիվ մեկ խնդիրներից էր։
«Վեց ամսվա ընթացքում այստեղից մոտ 200 մեքենա աղբ է տեղափոխվել: Ավելացրել ենք ծաղկանոցները, կատարել են սանիտարական էտ: Ե՛վ կանաչը, և՛ ջուրը լուծում են միկրոկլիմայի հարց, պատկերացրեք, թե ինչ քանակությամբ փոշի է կլանում: Սա շատ կարևոր բաղադրիչ է քաղաքի էկոլոգիական վիճակի հետ կապված»,- նշել է է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Ծրագրի շրջանակում հանգստի գոտին ապահովվել է ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, կառուցվել են թեքահարթակներ, բարեկարգվել են ճեմուղիները: Ծրագրի շրջանակում վերագործարկվել են շատրվաններն ու ջրթափները, վերանորոգվել է «Նոր Արաբկիր» հուշարձանը:
«Այգին բարեկարգել ենք համայնքային բյուջեի միջոցներով և այսօր, ըստ էության, այն նվիրում ենք բնակիչներին: Մենք մեր ծրագրերի միջոցով փորձելու ենք այլ վարչական շրջաններում ևս հանգստի գոտիները վերականգնել, ինչպես նաև նոր շատրվանային համալիրներ ու հանգստի անկյուններ ձևավորել: Կանաչապատման ոլորտում մենք Երևանում ունենք խնդիր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդլայնենք կանաչապատման ծավալները, որպեսզի մեր երեխաները մեծանան լավ միջավայրում»,- նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետարանը փաստում է՝ Երևանյան հանգստի գոտիների վերականգնման հարցում քաղաքային իշխանությունների մոտեցումը հստակ է, նախաձեռնված ծրագրերը՝ ծավալուն: Վերաբացվող այգիների շարքը փուլ առ փուլ կհամալրվի նոր հասցեներով: