ՀՀ ԿԲ-ն հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց։ Այս մասին Կենտրոնական բանկը համապատասխան հայտարարություն է տարածել։
«Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից Չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից»,- ասված է հայտարարությունում։
Կենտրոնական բանկը նշում է, որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց։
«Խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին և ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները: Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր կողմից ստացվող ահազանգերը շատ կարևոր են մեզ համար՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից»,- ասված է հայտարարությունում: