Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ հայտնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Ոստիկանությունը, իր հերթին, զգուշացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ է առաջացրել վարորդների համար:
«Որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձր պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ»,- ասված է հայտարարությունում:
Ոստիկանությունը հորդորում է նաև չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով: