Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։