Սիդիանում երեք անձի դանակահարության գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 23:00-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Սիսիան քաղաքի 28, 30 և 71-ամյա բնակիչներ:
Նախնական տվյալներով՝հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո նշված հատվածում վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև:
Վիճաբանության ընթացքում դեպքի վայր է գնացել նաև երիտասարդի եղբայրը՝ վերոհիշյալ 30-ամյա տղամարդը, որտեղ շարունակվող վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին, ինչպես նաև՝ դեպքի վայրում գտնվող և վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն՝ վերջիններիս պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածքներ:
Գերատեսչությունից հայտնում են, որ նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներին տրվել է հանձնարարություն: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: